ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մշակութային ազդականչեր Հանրային ռադիոյի եթերից

Մշակութային ազդականչեր Հանրային ռադիոյի եթերից
02.06.2015 | 11:06

Ժամանակի պարտադրանքն ամենուր է` և՛ կյանքի օրըստօրե արագացող, խելահեղության հասնող ընթացքի, և՛ կրթության` առերևույթ խորացման, սակայն իրականում ավելի ու ավելի մակերեսային դարձնելու, և՛ մշակութային արժեքների դերն ու կարևորությունը չեզոքացնելու, ազգին մշակութային դեմքից զրկելու վրա։
Ցավոք, ժամանակի էտող մկրատը չշրջանցեց նաև ռադիոյի ոլորտը` իր խելահեղ վազքը պարտադրելով նաև Հանրային ռադիոյին, այնուհանդերձ, բարեբախտություն է, որ վերջինս այնքան հզոր արմատներ, բարձրուղեշ, ամուր իրան ունի, որ շարունակում է մշակութային թթվածին արտադրել։ Կատակ չէ` գրեթե 9 տասնամյակ ձգվող հարուստ կենսագրություն, 17000 ժամ պարունակող ոսկե ֆոնդ ունենալը. չկա գիտության և մշակույթի քիչ թե շատ հայտնի մի գործիչ, որի անունը կամ գործը կապված չլինի հայկական ռադիոյի հետ, նրա ձայնը պահպանված չլինի ռադիոյի ձայնադարանում։ Ռադիոն իրավամբ կարելի է համարել ձայնային և՛ պանթեոն, և՛ գանձարան։
Ռադիոյին նվիրված մեր նախորդ անդրադարձում, շեշտը դնելով եթերում առկա թերությունների վրա (հատկապես` լրատվական ծրագրի), ակամա ստվերում թողեցինք մի քանի մշակութային հրաշալի ծրագիր, մինչդեռ արժանին մատուցել է պետք մի շարք անձանց։
Երկար տարիներ իր եթերային վարագույրն է բարեխղճորեն և նվիրումով բացում և փակում դերասան Գագիկ Ռոստոմյանը` «Կուլիսներ» հեղինակային հաղորդաշարով, ազատ, անկաշկանդ, հետաքրքիր զրույցի հրավիրելով դերասանների, ռեժիսորների, բեմադրիչների, թատրոնների ղեկավարների, չանտեսելով նաև շրջանային թատրոնները` իրենց անվերջանալի խնդիրներով։ Եթերային երկար ընթացք «Կուլիսներին», բեմական նվաճումներ Գագիկ Ռոստոմյանին և մի ցանկալի նորամուծություն-առաջարկ մշտական ունկնդրիս կողմից. կարելի է նաև բեմադրությունների, ներկայացումների փոքրիկ քննարկումներ ներմուծել ծրագրի մեջ կամ դերասանական բանավեճեր կազմակերպել` ծրագիրը դուրս բերելով զուտ ճանաչողական, արդեն կաղապարվող ձևաչափից։
Հանրային ռադիոյի մշակութային բաժնի ¥ղեկավար` Օֆելյա Ասատրյան¤ պոետիկ շաղախն ապահովում են ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը` «Պոեզիա», և Աննա Մանուչարյանը` «Գիրք ճանապարհի» հաղորդաշարերով, միահյուսելով հայ դասական և ժամանակակից, արևմտահայ և արևելահայ պոեզիաները, նաև չանտեսելով համաշխարհայինը` Գիյոմ Ապոլիներ, Ռոբերտ Բյոռնս, Ա. Բլոկ, Սերգեյ Եսենին, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաևա, Ռաբինդրանաթ Թագոր, Ժակ Պրևեր... Եթե Սիլվա Յուզբաշյանը արդեն կայացած, իր ուրույն ձեռագիրն ունեցող ասմունքող է, երիտասարդ Աննա Մանուչարյանը ¥նաև դերասանուհի¤ իր տաք, հուզական, բնական ձայներանգով քայլ առ քայլ հասնում է վարպետության, քանզի գիտե ասմունքի չգրված օրենքը. ասմունքը ձևեր, խաղեր, ճիչեր և փսփսոցներ չի սիրում, չի սիրում նաև ո՛չ երկարատև դադարներ, ո՛չ էլ շուտասելուկային-բառային հրմշտոց։ Ասմունքը ներքին ապրում է, զգացմունքների ժայթքում, միաժամանակ հոգու մենախոսություն։ Աննան ըմբռնել է այս ճշմարտությունը։
Երիցս ապացուցված է` ով ոչինչ չի անում, զբաղված է ինքնագովազդով և աղմկարարությամբ, իսկ ով արարում, ստեղծում է, ժամանակ չունի կողմնակի շեփորա-թմբուկա-ծնծղային իրարանցման։ Հանրային ռադիոն վերջին տեսակի պարգև ասեմ, թե սոսկ աշխատակից ևս ունի. Վահե Հայրապետյան` կոմպոզիտոր, երգահան, գործիքավորող, ըստ անհրաժեշտության` դերասան, «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ մյուզիքլների ¥հիմնականում մանկական¤ հեղինակ, ռադիոյի ծրագրավար ¥ինչպես է հասցնում, այն էլ ճաշակով և հմտորեն¤։ Վերջերս նաև նոր ծրագրով է եթերում` «Կամերտոն», որը վարում է կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանի հետ. թեմատիկ զրույցների շարք` նվիրված երաժիշտներին, կոմպոզիտորներին, երաժշտական ժանրերին։ Հրաշալի զրույցներ, որոնք ուսուցողական, ճանաչողական, վերլուծական ուղղվածություն ունեն` համեմված բարեկիրթ ոճով, նուրբ հումորով և փոխադարձ հարգանքով թե՛ միմյանց նկատմամբ, թե՛ ունկնդրի։ Վերջին փաստը հատկապես կարևոր է, և ինչի պակասը, ցավոք, գերիշխող է դառնում աստիճանաբար. փնթի եթերը, փնթի ընթերցումը, նյութի փնթի մատուցումը անհարգալից վերաբերմունք են և՛ սեփական անուն-ազգանվան, և՛ ունկնդրի հանդեպ։ Սա` ի գիտություն լրատվականի որոշ լրագրողների. շունչ քաշել կա, դադար տալ կա, վերջակետ և ստորակետ` նույնպես։ Բառային կրակահերթը վարպետության չափանիշ չէ։ Ռադիոեթերը շատ նուրբ, գերզգայուն նժար է, տատանումները շատ են ցայտուն։
Հանրային ռադիոյի վերջին, ես կասեի` միակ նվաճումը նոր հաղորդաշարն է` իր անկրկնելի հեղինակով` արվեստաբան Էմանվել Մանուկյանի «Ռադիոբեմի լույսերը»։ Իսկապես, հանճարեղորեն ընտրված վերնագիր, հավելած ծրագրի բովանդակային խորությունն ու ունկնդրման պարգևած հոգեկան վայելքն ու թռիչքը, նաև հեղինակի որակները և՛ որպես արվեստաբան, և՛ որպես զրուցակից, և՛ որպես մարդ։ Թողարկումից թողարկում նոր լույսի ներքո բացահայտվում են ոչ միայն մեր բեմի զարդը համարվող դերասանները` Կարպ Խաչվանքյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Սվետլանա Գրիգորյան, Էդգար Էլբակյան, ժամանակակիցներից` Երվանդ Մանարյան, Ռաֆայել Քոթանջյան, Ժենյա Ավետիսյան, այլև բացահայտվում է հեղինակը` Էմանվել Մանուկյանը ևս, որպես աննախանձ հոգի, ազնիվ էություն, խորագիտակ արվեստաբան, արժանավորին լիասիրտ արժանին մատուցող, անկողմնակալ մեկնաբան։ Բացահայտումներ, որոնք արվում են ճաշակով ընտրված ռադիոբեմադրություններից հատվածներ ներկայացնելով, փոքրիկ հուշեր պատմելով, դերասաններին ոչ միայն բեմում, նաև կյանքում ներկայացնելով։ «Ռադիոբեմի լույսերը» հաղորդաշարը հենց այն մշակութային թթվածնի արտազատումն է, այն խորարմատ, հաստաբուն ծառի սաղարթախիտ ճյուղն է, որը կլանում է մեր ժամանակների հակամշակութային փոշին և մյուս վնասակարությունները։
Չզարմանաք մեր բարի խոսքով, մեր խրախուսական արձագանքներով, նաև սրտացավ քննադատությամբ պահպանել, խնամել ու սիրել մի հզոր երևույթ` Հանրային ռադիոն, որը մայիսի 7-ին մեկ քայլով էլ մոտեցավ իր փառավոր 90-ամյակին։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ